Երևանի Հանրապետության հրապարակում 2016 թ. սեպտեմբերի 21-ին Անկախության 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու քարոզչությունը հայտնվել են ծանր վիճակում: Զորահանդեսը պատկերող տեսանյութը «Յութուբում», իհարկե, տեսել է նաև ադրբեջանցիների մի ստվար մասը, և սեփական հասարակությունից թաքցնելը, որ Հայաստանն ունի ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական ժամանակակից սպառազինություն, դադարել է արժեք ունենալուց:
Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Երևանի Հանրապետության հրապարակում ժամանակակից զենքերն ու ռազմական տեխնիկան պատկերող տեսանյութն արդեն իրենց աչքերով էին տեսել, և նրանց շրջանում հօդս էր ցնդել ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող այն կեղծիքը, թե իբր իրենք Հայաստանի հանդեպ ունեն ռազմական գերազանցություն, ալիևյան քարոզչամեքենան նոր սուտ հորինեց:
Այս անգամ տարածվեց մի նոր կեղծիք, թե իբր այդ ժամանակակից սպառազինությունը, ներառյալ` «Իսկանդերները», Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի սեփականությունն են (կարելի էր կարծել, թե Ռուսաստանը դրանք մեզ մի քանի ժամով «վարձով» էր տվել` Հանրապետության հրապարակում պտտեցնելու և իրեն վերադարձնելու համար), հետևաբար պատերազմի դեպքում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրանք չեն կարող գործածել Ադրբեջանի դեմ:
ՈՒշագրավ է, որ այստեղ 5-րդ շարասյան դեր կատարող արևմտամետ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները, միանգամայն դավաճանական կեցվածք դրսևորելով (այլ որակում դժվարանում եմ տալ), ճիշտ նույն կեղծիքն իրենց լրատվամիջոցներով ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարածում էին Հայաստանում:
Սակայն, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են, և այս սուտն էլ կարճ կյանք ունեցավ. վերջերս «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ հայկական կողմն ամբողջությամբ տնօրինում է «Իսկանդեր» համալիրները և դրանք գործարկելու որոշում կկայացնի՝ կախված իրադրությունից:
Որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունն Ադրբեջանում շոկ է առաջացրել: Փորձելով ցրել ադրբեջանցիների խուճապային տրամադրությունները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս անգամ էլ թարմություն է տվել դեռ անցյալ տարվանից իր քարոզչամեքենայի կողմից տարածվող այն կեղծիքին, թե իրենք կարող են «Իսկանդերները» չեզոքացնել իսրայելական արտադրության «Barak-8» զենիթահրթիռային (միաժամանակ՝ հակահրթիռային) և «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերով:
Ադրբեջանական աղբյուրները դեռ անցյալ տարեվերջին էին հայտնել, որ դրանց գնման նպատակը մեր «Իսկանդերները» վնասազերծելն է։ Բացառված չէ, որ սա անհանգստության տեղիք տա մեր հասարակության որոշ՝ անիրազեկ մասի շրջանում, մանավանդ որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ կամ լրագրողներ դեռ մի քանի ամիս առաջ կարծես թե լուրջ ընդունեցին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այս կեղծիքը՝ դրանք առանց քննության ենթարկելու, ուղղակի պատճենելով տեղափոխելով մեր լրատվական դաշտ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Ադրբեջանն Իսրայելի հետ համաձայնություն է ձեռք բերել նրանից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու մասին։
Դարձյալ 2016 թ. տարեվերջին ամերիկյան «Stratfor» հետախուզական-վերլուծական հայտնի կենտրոնի կայքում հրապարակվեց վերլուծական մի հոդված, որում անորոշ էր համարվում Ադրբեջանի կողմից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման օգտակարությունն ընդհանրապես Հայաստանի հետ Ադրբեջանի դիմակայությունում (նկատի էր առնվում մեր զինուժի ունեցած այլ հրթիռների և ռեակտիվ արկերի դեմ դրանց արդյունավետությունը): Ինչ վերաբերում է «Իսկանդերի» բալիստիկ հրթիռները խոցելու հարցում դրանց պիտանիությանը, ապա այդ կապակցությամբ «Stratfor»-ի հիշյալ հոդվածում նշված է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև գործարքի շարժառիթն անհայտ է մնում։ Հայաստանը վերջերս ձեռք է բերել «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ՝ զգալիորեն մեծացնելով իր ռազմական հնարավորությունները, սակայն «Երկաթե գմբեթի» մարտկոցներն անօգուտ են «Իսկանդերների» դեմ, որոնք չափազանց բարձր են թռչում»:
Ըստ «Stratfor»-ի վերլուծաբանների, «Երկաթե գմբեթը» նախատեսված է ոչ այնքան մեծ հեռահարության հրթիռները, ռեակտիվ արկերը խոցելու համար, այդ համակարգը կարող է օգնել շփման գծին մոտ գտնվող Ադրբեջանի քաղաքների ու ռազմական օբյեկտների պաշտպանությանը, եթե Հայաստանը գործի դնի համազարկային կրակի համակարգեր։ Ի դեպ, դա էլ դեռ մեծ հարց է. «Գրադի» ռեակտիվ արկերը խոցելու հարցում «Երկաթե գմբեթը» միգուցե, մեծ վերապահումով, պիտանի լինի, բայց բոլորովին այլ խնդիր է, թե այն կկարողանա՞ խոցել «Սմերչի» ռեակտիվ արկերը… Ինչևէ, շատ չշեղվենք թեմայից, քանի որ այս հարցն այլ վերլուծության նյութ է:
Մեր «Իսկանդերները» խոցելու հարցում «Երկաթե գմբեթի» և «Barak-8» զենիթահրթիռային համակարգի պիտանիության խնդիրը, կարծում ենք, «Stratfor»-ից էլ շատ ավելի լավ կամ հանգամանորեն վերլուծել են մեր Razm.info-ի վերլուծաբանները: Ըստ նրանց, «Երկաթե գմբեթը» նախատեսված է 4-ից 70 կմ հեռավորությունից արձակված հրետանային արկերը (խոսքը, հավանաբար, ռեակտիվ արկերի մասին է) ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար։ Հայտնի է, որ պաղեստինցիները դեպի Իսրայել պարբերաբար արձակում են ինքնաշեն «Կասսամ», ինչպես նաև «Գրադ» համակարգի գործարանային կամ ինքնաշեն 122 մմ ռեակտիվ արկեր։ Եղել է տարի, որ դրանց թիվը հասել է մոտ 2000-ի:
Հենց այս տիպի արկերի, ինչպես նաև մարտավարական չկառավարվող հրթիռների խոցման համար է նախատեսված «Երկաթե գմբեթը», որը, հայտնաբերելով հակառակորդի հրթիռի արձակումը, հաշվում է դրա հետագիծը և, եթե հրթիռը վտանգ է ներկայացնում բնակավայրերի կամ այլ կարևոր օբյեկտների համար, նրա վրա է արձակում մինչև 17 կմ հեռահարություն ունեցող հակահրթիռներ, որոնք որսում են արձակված հրթիռը՝ հիմնվելով վերջինիս հետագծի հաշվարկների վրա։ Բայց այդ որսալը «Երկաթե գմբեթ»-ն օգտագործողի վրա շա՜տ թանկ է նստում: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման մեկ կայանը կարող է արձակել 12, «Գրադի» կայանը՝ 40 արկ, իսկ «Երկաթե գմբեթ»-ի մեկ հրթիռի արժեքը 95 000-100 000 ԱՄՆ դոլար է։ «Barak-8»-ը է՛լ ավելի թանկ է. Այդ զենիթահրթիռային համալիրի արժեքը շուրջ 24 մլն ԱՄՆ դոլար է, իսկ արձակման կայանի 8 հրթիռներից յուրաքանչյուրի արժեքը մոտ 1,6 մլն դոլար է:
Շատ կարևոր է նկատի ունենալ նաև, որ հակառակորդի արձակած ռեակտիվ արկի կամ հրթիռի հետագծի հաշվարկը «Երկաթե գմբեթի» օգտագործման պարագայում կատարվում է բալիստիկայի հայտնի օրենքների, արկերի կամ հրթիռների արագության, օդի դիմադրության, քամու արագության և ուժգնության հիման վրա, այսինքն՝ հայտնի օրինաչափության և արդեն իսկ հայտնի ու հաշվարկված պարամետրերի, մինչդեռ «Իսկանդերի» հրթիռի թռիչքի պարամետրերն ընթացքում բազմիցս փոփոխվում են ու խիստ անկանխատեսելի են:
Ի տարբերություն պաղեստինցիների օգտագործած «Կասսամի» և «Գրադի» կամ, թեկուզ, հայկական կողմի սպառազինության կազմում գտնվող «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկերի, «Իսկանդերի» հրթիռը կառավարվող է։ Թռիչքի ժամանակ, հատկապես հետագծի սկզբնական և վերջնական հատվածներում, հրթիռը շատ ակտիվ, կտրուկ և անկանխատեսելի ձևերով մանևրում է, որի ժամանակ հրթիռի գերբեռնումը հասնում է մինչև 20-30G-ի։ «Իսկանդերը» հակահրթիռային պաշտպանության ճեղքումն ապահովում է նաև հրթիռի թռիչքի մեծ բարձրությամբ, որը հասնում է մինչև 50 կմ-ի, ինչը հաղթահարելի չէ ոչ միայն «Barak-8»-ի, «Երկաթե գմբեթի», այլև հակահրթիռային այլ համակարգերի համար:
Ավելին. «Barak-8»-ի կողմից նշանակետի կալանման առավելագույն բարձրությունը 16 կիլոմետր է: Այն թերևս կարող է «Երկիր-երկիր» դասի մարտավարական բալիստիկ հրթիռներ ոչնչացնել, բայց ոչ «Իսկանդերի» հրթիռը, որը, ինչպես նշեցինք, մեծ ծանրաբեռնվածությամբ մանևրում է:
Վերը շարադրվածը նշանակում է, որ «Իսկանդերի» հրթիռի հետագիծը ենթակա չէ նախնական հաշվարկման ոչ միայն հրթիռը որսալ ցանկացողի, այլև նույնիսկ արձակողի կողմից։ Սա արդեն իսկ բացառում է նշված հրթիռների վնասազերծումը «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից, որի աշխատանքի հիմքում, ինչպես նշեցինք, չկառավարվող արկի կամ հրթիռի հետագծի հաշվարկն է՝ բալիստիկայի օրենքների համաձայն։
Ավելին. քանի որ «Իսկանդերի» հրթիռի թռիչքի հետագիծը և այլ պարամետրերն անկանխատեսելի են, այն որսալու նպատակն ունեցող ցանկացած հակահրթիռային համակարգ պետք է փորձի հրթիռը որսալ նրա հետևից թռչելով, իսկ դրա համար այդպիսի հակահրթիռը պետք է ունենա ոչ միայն ավելի մեծ արագություն, այլև ունակ լինի առավել կտրուկ մանևրելու և դիմանալու 2-3 անգամ ավելի մեծ գերբեռնումների, ինչը, թերևս, գործնականում իրագործելի չէ։ Բավական է նշել, որ «Երկաթե գմբեթի» հրթիռի առավելագույն արագությունը վայրկյանում 300 մետր է, «Barak-8»-ի հրթիռինը՝ վայրկյանում 680 մետր է, իսկ «Իսկանդերի» հրթիռինը՝ 2100 մ, այսինքն՝ ավելի քան 3 անգամ մեծ:
«Իսկանդերը» հակահրթիռային պաշտպանության ճեղքումն ապահովում է հրթիռի թռիչքի բարձրությամբ, որը հասնում է մինչև 50 կմ-ի, թիրախին մոտենալիս ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Թիրախի խոցման բարձր ճշգրտությունն ապահովվում է հրթիռի՝ դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով։
Հայաստանի ունեցած «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռներն Ադրբեջանի զսպման ռազմավարական միջոցներ են: Դրանք, իրենց հեռահարության և բացառիկ ճշգրտության շնորհիվ, հնարավորություն են տալիս կետային ճշգրիտ հարվածներ հասցնելու Ադրբեջանի համար կենսական ու կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներին նաև Բաքվում և նրա մերձակայքում, ոչնչացնելու թշնամու ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կարևորագույն օբյեկտները նրա տարածքի մեծ մասում։
«Իսկանդերի» հրթիռներով մեր զինուժը կարող է ոչնչացնել Ադրբեջանի ռազմական օդանավակայանները, զինամթերքի խոշոր պահեստները, մակերևույթին տեղակայված հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, հրթիռային ու հրետանային հեռահար համակարգերը, խոշոր զորամիավորումների շտաբներն ու հրամանատարական կետերը, ինչպես նաև նավթագազային ու էներգետիկ ենթակառուցվածքները՝ կաթվածահար անելով Ադրբեջանի՝ առանց այն էլ ոչ լավ վիճակում գտնվող տնտեսությունը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ